Ներածություն
Amnesty International-ը միշտ պայքարել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի համար, ինչպես նաև անօրինական հսկողության ու միջամտությունների դեմ։ Մենք նույն զգուշությամբ ենք վերաբերվում այն անձնական տեղեկատվությանը, որով մարդիկ կիսվում են մեզ հետ։
Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տեղեկություններ ենք մենք հավաքում և օգտագործում, որոնք են այն իրավական պատճառները, որոնց վրա հիմնվում ենք Ձեր անձնական տվյալները հավաքելու և պահելու համար, ում հետ ենք կիսվում այդ տեղեկատվությամբ, որքան ժամանակ ենք պահում այն, և թե ինչ իրավունքներ ունեք Դուք։ Մենք այն շարադրել ենք պարզ լեզվով՝ կիրառությունը հեշտացնելու նպատակով։
Այս քաղաքականությունը վերաբերում է Amnesty International Limited-ի (Amnesty International շարժման միջազգային քարտուղարություն) կողմից www.amnesty.org-ի և Միջազգային քարտուղարության կողմից կառավարվող և շահագործվող այլ կայքերի, առցանց համակարգերի, ձևաթղթերի, արշավների, կրթական գործունեության, նվիրատվությունների էջերի, անդամակցության հետաքրքրության ձևաթղթերի, հավաքագրման գործընթացների և մեր կողմից իրականացվող այլ հանրային ծառայությունների միջոցով մշակվող անձնական տեղեկատվությանը։
Ասելով «Amnesty International», «մենք», «մեզ» կամ «մեր»՝ մենք նկատի ունենք Amnesty International Limited-ին, որը Amnesty International-ի միջազգային քարտուղարության հիմնական գործող ընկերությունն է (https://www.amnesty.org/en/who-we-are/): Amnesty International Limited-ը 01606776 համարի ներքո Անգլիայում և Ուելսում գրանցված երաշխիքով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է (company limited by guarantee):
Amnesty International-ը այս քաղաքականությամբ կարգավորվող անձնական տեղեկատվության վերահսկողն է։ Դա նշանակում է, որ մենք ենք որոշում, թե ինչու և ինչպես է այդ տեղեկատվությունն օգտագործվում։ Մեր կոնտակտային տվյալները կարող եք գտնել այս քաղաքականության վերջում։ Հարցերի կամ գաղտնիության Ձեր իրավունքից օգտվելու ցանկության պարագայաում կարող եք կապվել մեզ հետ փոստով, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով։
Amnesty International-ի որոշ բաժիններ, կառույցներ կամ գործընկեր կազմակերպություններ կարող են ունենալ գաղտնիության սեփական քաղաքականությունները: Այս քաղաքականությունը չի փոխարինում այն քաղաքականություններին, որոնց դեպքում Ձեր տեղեկատվության վերահսկողը մեկ այլ կազմակերպություն է:
Մեր կողմից հավաքվող անձնական տվյալներ
Մեր կողմից հավաքվող և պահվող տվյալների տեսակը և քանակը կախված է նրանից, թե ինչպես եք օգտագործում մեր կայքերը։ Դուք կարող եք մուտք գործել մեր կայքէջերի մեծ մաս՝ առանց Ձեր ինքնությունը բացահայտելու։ Մենք, այնուամենայնիվ, կարող ենք հավաքել տեխնիկական տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, սարքին վերաբերվող տեղեկությունները, քուքիները կամ նմանատիպ տեխնոլոգիական տեղեկությունները։
Մենք հավաքում ենք անձնական տվյալներ, երբ Դուք՝
- մասնակցում եք ստորագրահավաքի, իրականացնում եք առցանց գործողություն կամ միանում եք արշավի,
- ցուցաբերում եք հետաքրքրություն Amnesty International-ին միանալու կամ միջազգային անդամ դառնալու վերաբերյալ,
- կատարում եք նվիրատվություն կամ այլ վճարում,
- բաժանորդագրվում եք թարմացումներին, միջոցառումներին, դրամահավաքի հաղորդագրություններին կամ մեզանից այլ հաղորդագրությունների,
- գրանցվում եք մարդու իրավունքների կրթության դասընթացներին,
- մասնակցում եք այլ առցանց արշավների կամ միջոցառումների, ինչպիսիք են Amnesty International Decoders-ը,
- դիմում եք մեզ մոտ աշխատանքի, կամավորական աշխատանքի, պրակտիկայի կամ նմանատիպ այլ դերի համար,
- կապվում եք մեզ հետ, հարցում եք անում, բողոք եք ներկայացնում կամ իրացնում եք Ձեր գաղտնիության իրավունքները,
- օգտագործում եք մեր կայքերը, էլեկտրոնային փոստը, ձևաթղթերը, սոցիալական ցանցերի էջերը կամ այլ առցանց ծառայություններ:
Մեր կողմից հավաքագրվող անձնական տեղեկությունները կարող են ներառել՝
- Ձեր անունը, տարիքը կամ տարիքային խումբը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
- Ձեր երկիրը, լեզուն, հաղորդակցման նախընտրելի եղանակները և Amnesty International-ի նկատմամբ հետաքրքրությունները,
- տեղեկություններ, որոնք Դուք տրամադրում եք ստորագրահավաքների, քարոզարշավային գործողությունների, անդամակցությամբ հետաքրքրված անձանց համար նախատեսված ձևաթղթերի, դասընթացների գրանցումների, հարցումների, ինչպես նաև դիմումների կամ բողոքների միջոցով,
- նվիրատվության և վճարման մասին տեղեկությունները, ներառյալ նվիրատվության գումարը, ամսաթիվը, վճարման կարգավիճակը և վճարման հղումը։ Քարտի տվյալները կոդավորվում են երրորդ կողմի վճարային մատակարարների կողմից։ Amnesty International-ը չի պահպանում Ձեր քարտի ամբողջական տվյալները,
- տեխնիկական տեղեկությունները, ինչպիսիք են IP հասցեն, սարքի տեսակը, բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, այցելած էջերը, սեղմված հղումները, այցելությունների ամսաթիվը և ժամը, տեխնիկական տվյալներից ստացված մոտավոր գտնվելու վայրը, քուքիների նույնականացուցիչները և նմանատիպ առցանց նույնականացուցիչները, կարող են հավաքագրվել մեր կողմից և հավաքագրվում են մեր երրորդ կողմի վճարային մատակարարների կողմից՝ համաձայն նրանց պայմանների և դրույթների։ Amnesty International-ը պատասխանատու չէ երրորդ կողմի մատակարարների գաղտնիության քաղաքականության համար,
- աշխատանքի ընդունման մասին տեղեկությունները, ինչպիսիք են Ձեր դիմումը, ինքնակենսագրությունը, ուղեկցող նամակը, աշխատանքային պատմությունը, որակավորումները, երաշխավորագրերը, հարցազրույցի նշումները, գնահատման արդյունքները, աշխատանքի իրավունքի մասին տեղեկությունները և աշխատանքի ընդունման գործընթացը կառավարելու համար անհրաժեշտ տեղեկությունները,
- հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, եթե Դուք ինքներդ ընտրում եք դրանք տրամադրել մեզ, եթե մեզ հետ Ձեր փոխգործակցությունից դրանք կարող են բացահայտվել կամ ենթադրելի լինել, կամ եթե դրանց մշակումը մեր կողմից իրավաչափ է և անհրաժեշտ՝ համապատասխան նպատակներին հասնելու համար։ Այդպիսի տվյալները կարող են ներառել տեղեկություններ Ձեր ռասայական կամ էթնիկ ծագման, քաղաքական հայացքների կամ համոզմունքների, կրոնի կամ հավատքի, արհեստակցական միության անդամակցության, առողջական վիճակի, հաշմանդամության, սեռական կյանքի կամ սեռական կողմնորոշման վերաբերյալ,
- քրեական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, եթե դրանք առնչվում են աշխատանքի ընդունման գործընթացին, անձանց պաշտպանությանը, խարդախության կանխարգելմանը, իրավական պահանջներին, իրավական պարտավորությունների կատարմանը կամ տվյալների մշակման որևէ այլ իրավաչափ նպատակին։
Մենք հայցում ենք միայն մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այն դեպքերում, երբ տեղեկատվության տրամադրումը կամավոր է, մենք դա հստակեցնում ենք՝ ըստ հնարավորության։ Եթե Դուք չտրամադրեք այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ծառայություն մատուցելու, նվիրատվությունը մշակելու, դիմումը գնահատելու կամ իրավական պահանջը կատարելու համար՝ հնարավոր է՝ մենք չկարողանանք իրականացնել համապատասխան գործողությունները։
Քուքիներ և առցանց դիտարկում (Cookies and online tracking)
Մեր կայքերը օգտագործում են քուքիներ և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ։ Դրանք կարող են ներառել փոքր ֆայլեր, պիքսելներ, թեգեր և տեղային պահեստավորում (local storage)։ Դրանք օգնում են կայքերին աշխատել, հիշել Ձեր նախընտրությունները, հասկանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում մեր ծառայությունները, չափել քարոզարշավների արդյունավետությունը, բարելավել բովանդակությունը և աջակցել գովազդային կամ դրամահավաքի գործունեությանը՝ օրենքով թույլատրված դեպքերում։
Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքերի աշխատանքի համար, իսկ մյուսները՝ կամընտիր են։ Օրենքով պարտադիր դեպքերում մենք ստանում ենք Ձեր համաձայնությունը՝ նախքան կամընտիր քուքիներ կամ նմանատիպ տեխնոլոգիաներ օգտագործելը։ Դուք կարող եք փոխել Ձեր նախընտրությունները մեր կայքերում առկա քուքիների գործիքների միջոցով կամ Ձեր բրաուզերի կարգավորումներում։
Քուքիները և նմանատիպ տեխնոլոգիաները կարող են հավաքել IP հասցեներ, սարքի նույնականացուցիչներ, բրաուզերի վերաբերյալ տեղեկություններ, դիտված էջերի, սեղմված հղումների և այլ առցանց գործողությունների վերաբերյալ տվյալներ։ Այդ տվյալների մի մասը կարող է փոխանցվել վերլուծական, գովազդային կամ սոցիալական մեդիա հարթակներին՝ կախված Ձեր նախընտրություններից և օգտագործվող տեխնոլոգիայից։ Քուքիները, պիքսելները կամ նմանատիպ տեխնոլոգիաները գովազդի, լսարանի չափման կամ կայքերի միջև դիտարկում իրականացնելու նպատակով օգտագործվում են միայն օրենքով թույլատրված դեպքերում և Ձեր՝ քուքիների նախընտրություններին համապատասխան։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար, այդ թվում՝ մեր կողմից օգտագործվող քուքիների տեսակների և դրանց կառավարման վերաբերյալ, խնդրում ենք կարդալ մեր Քուքիների վերաբերյալ հայտարարությունը (https://www.amnesty.org/hy/cookie-statement/)։
Ինչպես ենք մշակում Ձեր անձնական տեղեկատվությունը․ մշակման իրավական հիմքերը
Տվյալների պաշտպանության մասին օրենքը պահանջում է, որ մենք ունենանք իրավական հիմնավորում Ձեր անձնական տվյալները մշակելու համար: Մենք օգտագործում ենք տարբեր իրավական հիմքեր՝ կախված նպատակից և ներգրավված տեղեկատվության տեսակից։
Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունները ստորև նշված նպատակներով.
Առցանց քարոզարշավներ և կրթական գործունեություն
Ստորագրահավաքներ, էլեկտրոնային փոստով գործողություններ, քարոզարշավներ և առցանց նախաձեռնություններ իրականացնելու համար, ինչպես նաև Ձեր գործողությունը նախատեսված հասցեատիրոջը փոխանցելու համար, երբ դա արշավի մաս է կազմում։ Սովորաբար մենք հիմնվում ենք Ձեր համաձայնության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով մեր օրինական շահերի կամ երկուսի համակցության վրա՝ կախված կոնկրետ գործողությունից։ Այն դեպքերում, երբ ներգրավված է հատուկ կատեգորիայի անձնական տվյալ, կամ երբ Ձեր մասնակցությունը կարող է բացահայտել կամ ենթադրել նման տվյալներ, մենք նաև հիմնվում ենք համապատասխան հատուկ իրավական հիմքերի վրա, ինչպիսիք են՝ Ձեր բացահայտ համաձայնությունը, այն տեղեկությունները, որոնք Դուք ինքներդ հստակ հանրային եք դարձրել, հանրային էական շահը կամ տվյալների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված այլ կիրառելի հիմք՝ կախված իրավիճակից։
Մարդու իրավունքների կրթության դասընթացներ, միջոցառումներ կամ այլ ծառայություններ մատուցելու համար, երբ Դուք գրանցվում եք դրանց մասնակցության համար: Մենք հիմնվում ենք պայմանագրի, պայմանագիր կնքելուց առաջ ձեռնարկված քայլերի, համապատասխանության դեպքում համաձայնության և այդ ծառայությունները մատուցելու և բարելավելու օրինական շահերի վրա:
Ձեր հաղորդագրություններին պատասխանելը
Ձեր հարցումներին, բողոքներին և դիմումներին պատասխանելու համար։ Մենք հիմնվում ենք մեր օրինական շահերի վրա՝ մեզ հետ կապ հաստատող անձանց պատասխանելու հարցում, ինչպես նաև իրավական պարտավորության վրա, երբ օրենքը պահանջում է, որ մենք պատասխանենք կամ արձանագրումներ անենք։
Արշավի վերաբերյալ թարմացումներ
Արշավի վերաբերյալ թարմացումներ, դրամահավաքի մասնակցելու հարցումներ, լրատուներ (newsletters) և այլ մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու համար: Մենք հիմնվում ենք համաձայնության վրա` որտեղ անհրաժեշտ է, և օրինական շահերի վրա` որտեղ օրենքը թույլ է տալիս: Դուք կարող եք հրաժարվել ցանկացած պահի:
Անդամակցություն
Ձեր՝ Amnesty International-ին միանալու հետաքրքրության արտահայտումը կառավարելու և, անհրաժեշտության դեպքում, միջազգային անդամակցությունը կազմակերպելու համար։ Մենք հիմնվում ենք պայմանագրի, պայմանագրի կնքման նախապատրաստական քայլերի, օրինական շահերի, ինչպես նաև, երբ կիրառելի է, իրավական պարտավորության վրա։
Դրամահավաք
Նվիրատվությունների և այլ վճարումների մշակման, անդորրագրերի ուղարկման, վճարային գրառումների կառավարման և խարդախության կանխարգելման համար: Մենք հենվում ենք պայմանագրի, իրավական պարտավորության և օրինական շահերի վրա: Մենք կարող ենք նաև օգտագործել վճարային տեղեկատվությունը ֆինանսական, հարկային, աուդիտի և փողերի լվացման դեմ պայքարի պահանջները բավարարելու համար:
Աշխատանքի ընդունում
Աշխատանքի, կամավորական աշխատանքի, պրակտիկայի և նմանատիպ դիմումների գնահատման և կառավարման համար: Մենք հիմնվում ենք պայմանագրի կնքումից առաջ ձեռնարկված քայլերի, պայմանագրերի, իրավական պարտավորության և օրինական շահերի վրա՝ համապատասխան մարդկանց արդարացիորեն և արդյունավետորեն հավաքագրելու համար:
Հսկելու համար բազմազանությունը, ներառումը և հավասար հնարավորությունները հավաքագրման գործընթացում: Մենք սովորաբար օգտագործում ենք անանուն կամ ագրեգացված տեղեկատվություն, որտեղ հնարավոր է: Երբ մենք օգտագործում ենք նույնականացվող հատուկ կատեգորիայի տեղեկատվություն, մենք հիմնվում ենք տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն բացահայտ համաձայնության կամ այլ համապատասխան պայմանի վրա, ինչպիսիք են էական հանրային շահը հավասարության մոնիթորինգի համար, որտեղ կիրառելի է:
Մեր առցանց ծառայությունների պաշտպանությունը և կատարելագործումը
Մեր կայքերի, համակարգերի, մարդկանց և տեղեկատվության անվտանգությունը պահպանելու համար, ներառյալ չարաշահման, խարդախության, կիբեռմիջադեպերի և չարտոնված մուտքի կանխարգելումը: Մենք հիմնվում ենք օրինական շահերի և, անհրաժեշտության դեպքում, իրավական պարտավորության վրա:
Մեր կայքերը, արշավները, ծառայությունները և հաղորդակցությունները վերլուծելու և բարելավելու համար: Մենք հիմնվում ենք օրինական շահերի վրա, ինչպես նաև՝ համաձայնության վրա, երբ դա պահանջվում է կամընտիր քուքիների կամ նմանատիպ տեխնոլոգիաների դեպքում։
Իրավական և կառավարման պահանջներ
Amnesty International շարժման շրջանակներում և ծառայություն մատուցողների հետ տեղեկություններով կիսվելու համար, երբ դա անհրաժեշտ է մեր աշխատանքը կատարելու համար: Մենք հիմնվում ենք օրինական շահերի, պայմանագրի, իրավական պարտավորության կամ համաձայնության վրա՝ կախված համատեքստից:
Իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու, դատարանի որոշումներին համապատասխանելու, իշխանությունների օրինական հարցումներին արձագանքելու և կարգավորող կամ իրավական պարտականությունները կատարելու համար: Մենք հիմնվում ենք իրավական պարտավորության, օրինական շահերի և, որտեղ կիրառելի է՝ հանրային շահի կամ իրավական պահանջների պայմանների վրա:
Հազվադեպ մենք կարող ենք օգտագործել անձնական տեղեկատվություն՝ ինչ-որ մեկի կենսական շահերը պաշտպանելու համար, օրինակ՝ արտակարգ իրավիճակում կամ օրենքով ճանաչված կարևոր հանրային շահի բավարարման նպատակով:
Հատուկ կատեգորիայի և քրեական հանցագործության մասին տեղեկատվություն
Հատուկ կատեգորիայի անձնական տվյալները պահանջում են լրացուցիչ պաշտպանություն։ Մեր հետ Ձեր փոխգործակցության որոշ ձևեր կարող են Ձեր վերաբերյալ զգայուն տեղեկություններ բացահայտել կամ ենթադրության տեղ տալ․ նման տվյալներ են քաղաքական հայացքները, համոզմունքները, քարոզարշավային հետաքրքրությունները, մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները, անձնական փորձառությունները, առողջական վիճակը, հաշմանդամությունը, էթնիկ ծագումը, կրոնը կամ հավատքը, սեռական կյանքը կամ սեռական կողմնորոշումը։ Օրինակ՝ դա կարող է տեղի ունենալ, եթե դուք ստորագրեք ստորագրահավաք, մասնակցեք քարոզարշավային գործողության, դիմեք մեզ մարդու իրավունքների որևէ խնդրի վերաբերյալ, կիսվեք Ձեր անձնական փորձով, մասնակցեք որևէ միջոցառման, դիմեք աշխատանքի կամ ընտրեք տրամադրել բազմազանության վերաբերյալ տեղեկություններ։
Մենք օգտագործում ենք հատուկ կատեգորիայի տվյալներ միայն այն դեպքում, երբ դա տեղին է, անհրաժեշտ և համաչափ, և միայն այն դեպքում, երբ ունենք ինչպես իրավաչափ հիմք, այնպես էլ հատուկ պայման՝ ըստ Մեծ Բրիտանիայի GDPR-ի, ԵՄ GDPR-ի կամ տվյալների պաշտպանության այլ կիրառելի օրենսդրության։ Կախված իրավիճակից՝ սա կարող է ներառել Ձեր հստակ համաձայնությունը, աշխատանքային և սոցիալական պաշտպանության օրենսդրությունը, էական հանրային շահը, հավասարության մոնիթորինգը, կենսական շահերը, այն տեղեկությունները, որոնք Դուք ինքներդ հստակ հանրային եք դարձրել, իրավական պահանջները կամ տվյալների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված այլ կիրառելի պայմաններ։
Մենք գիտակցում ենք, որ Amnesty International-ին Ձեր աջակցության, քարոզարշավներին, ստորագրահավաքներին կամ որևէ գործողությանը Ձեր մասնակցության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև մարդու իրավունքների այն հարցերը, որոնք առնչվում են Ձեզ, կարող են լինել զգայուն, հատկապես բացահայտում են քաղաքական հայացքներ, համոզմունքներ, կապեր կամ ռիսկեր Ձեզ կամ այլ անձանց համար։ Մենք դա հաշվի ենք առնում՝ որոշելիս, թե ինչ տեղեկություն ենք հավաքում, ինչպես ենք օգտագործում այն, ում հետ ենք կիսվում, որքան ժամանակ ենք պահում և ինչ պաշտպանական միջոցներ ենք կիրառում։
Այն դեպքերում, երբ տեղեկությունը կարող է ստեղծել առանձնահատուկ ռիսկեր անհատների համար՝ օրինակ՝ քարոզարշավի մասնակիցների, աջակիցների, բողոք ներկայացնողների, մարդու իրավունքների պաշտպանների, վկաների, խոցելի անձանց կամ բարձր ռիսկային երկրներում կամ իրավիճակներում գտնվող մարդկանց համար, մենք կարող ենք կիրառել լրացուցիչ պաշտպանական միջոցներ, ինչպիսիք են՝ հասանելիության սահմանափակումը, տվյալների փոխանակման սահմանափակումը, հավաքվող տեղեկատվության նվազեցումը կամ, անհրաժեշտության դեպքում, անանուն կերպով կամ կեղծանունների կիրառմամբ տվյալների օգտագործումը։
Քրեական իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները նույնպես պահանջում են լրացուցիչ պաշտպանություն։ Մենք դրանք օգտագործում ենք միայն այն դեպքում, երբ դա թույլատրված է օրենքով և երբ դա տեղին է, համաչափ և անհրաժեշտ։ Սա կարող է ներառել աշխատանքի ընդունման ստուգումներ, անձանց պաշտպանության միջոցառումներ, խարդախության կանխարգելում, իրավական պարտավորությունների կատարում, կարգավորող պահանջներ կամ իրավական պահանջներ։
Մարքեթինգային և դրամահավաքային հաղորդակցություններ
Մենք ցանկանում ենք, որ մեր հաղորդակցությունը Ձեզ հետ լինի օգտակար և հարգալից։ Մենք կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ մարդու իրավունքների քարոզարշավների, գործողությունների, միջոցառումների, կրթական ծրագրերի, դրամահավաքի, անդամակցության և մեր աշխատանքին աջակցելու հնարավորությունների վերաբերյալ։
Մենք կհայցենք Ձեր համաձայնությունը՝ նախքան մարքեթինգային, դրամահավաքային կամ նմանատիպ այլ էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելը այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով։ Այն դեպքերում, երբ օրենքը թույլ է տալիս հիմնվել օրինական շահերի վրա, մենք միևնույն է կտրամադրենք հստակ հնարավորություն՝ հրաժարվելու նման հաղորդակցություններից։
Մենք կարող ենք օգտագործել Ձեր վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր երկիրը, լեզուն, հաղորդակցման նախընտրությունները, նախորդ փոխգործակցությունները, նվիրատվությունների պատմությունը, քարոզարշավային հետաքրքրությունները կամ կայքի օգտագործման վարքագիծը, որպեսզի մեր հաղորդակցությունները լինեն ավելի համապատասխան և խուսափենք ավելորդ հաղորդագրություններ ուղարկելուց։ Մենք նպատակային կերպով չենք օգտագործում հատուկ կատեգորիայի տվյալներ, երեխաների վերաբերյալ տվյալներ կամ խոցելի անձանց մասին տեղեկություններ մարքեթինգային, դրամահավաքային պրոֆիլավորման կամ լսարանի թիրախավորման համար, եթե դա թույլատրված չէ օրենքով և չեն կիրառվում համապատասխան պաշտպանական միջոցներ։
Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից կամ փոխել Ձեր նախընտրությունները։ Դուք կարող եք օգտագործել մեր նամակներում առկա «unsubscribe» հղումը, հետևել մեր տրամադրած նախընտրությունների գործիքներին կամ կապ հաստատել մեզ հետ այս քաղաքականության վերջում նշված տվյալներով։ Դուք նաև կարող եք առարկել ուղղակի մարքեթինգի նպատակով Ձեր անձնական տվյալների օգտագործմանը, այդ թվում՝ կապված պրոֆիլավորման հետ։ Եթե դուք առարկեք, մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների օգտագործումը այդ նպատակներով։
Եթե դուք հրաժարվեք մարքեթինգային կամ դրամահավաքային հաղորդակցություններից, մենք միևնույն է կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ ծառայողական հաղորդագրությունների համար։ Օրինակ՝ կարող ենք ուղարկել վճարման հաստատումներ, պատասխանել Ձեր հարցումներին, տրամադրել տեղեկատվություն դասընթացի կամ դիմումի վերաբերյալ կամ փոխանցել մեզ հետ Ձեր հարաբերություններին առնչվող կարևոր տեղեկություններ։
Ձեր անձնական տեղեկատվությամբ կիսվելը
Մենք չենք վաճառում Ձեր անձնական տեղեկատվությունը։ Մենք դրանով կիսվում ենք միայն այն դեպքում, երբ ունենք պատշաճ պատճառ և համապատասխան պաշտպանության միջոցներ։
Մենք կարող ենք անձնական տեղեկատվությունը փոխանակել հետևյալ կողմերի հետ՝
- Amnesty International-ի գլոբալ շարժման այլ մասերի, ներառյալ ազգային բաժինների, կառույցների և հարակից կազմակերպությունների հետ, այն պարագայում երբ դա մեզ օգնում է իրականացնել արշավներ, արձագանքել Amnesty International-ին միանալու Ձեր հետաքրքրությանը, աջակցել տեղական ներգրավվածությանը կամ առաջ մղել մեր՝ մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքը։
- տեղեկատվության մշակման ծառայություն մատուցողների հետ, ինչպիսիք են կայքերի հոսթինգի մատակարարները, ՏՏ մատակարարները, էլեկտրոնային փոստի և կապի մատակարարները, նվիրատվությունները և վճարումները մշակողները, դասընթացների մատակարարները, հավաքագրման հարթակները, վերլուծական մատակարարները և աջակցության ծառայություններ մատուցողները։
- բանկերի, վճարային մատակարարների, համապատասխան ֆինանսական հաստատությունների և խարդախության կանխարգելման կամ ստուգման ծառայությունների հետ, երբ անհրաժեշտ է մշակել վճարումներ, կանխել խարդախությունը կամ կասկածելի խարդախ գործարքները։
- հավաքագրման մատակարարների, դատավորների, ֆոնային տեղեկատվության ստուգման (background-check providers) մատակարարների հետ, երբ դա տեղին է և օրինական, ինչպես նաև հավաքագրման գործընթացին ներգրավված այլ կազմակերպությունների հետ։
- վերլուծական հարթակների, քուքիների, գովազդային և սոցիալական մեդիա հարթակների հետ, երբ դա թույլատրվում է օրենքով և համապատասխանում է Ձեր ընտրությանը։ Սա կարող է ներառել հատուկ լսարանի կամ նմանակող լսարանի (lookalike audience) գործիքներ, որտեղ էլեկտրոնային փոստի հասցեի նման տեղեկատվությունը կարող է անվտանգ կերպով համապատասխանեցվել՝ Amnesty International-ի բովանդակությունը ցուցադրելու առկա կամ պոտենցիալ աջակիցներին։ Մենք օգտագործում ենք այս գործիքները միայն այն դեպքում, երբ ունենք օրինական հիմք և, որտեղ անհրաժեշտ է, քուքիների կամ մարքեթինգային համաձայնություն։ Մենք չենք վաճառում Ձեր անձնական տեղեկությունները կամ միտումնավոր չենք օգտագործում երեխաների տեղեկությունները, հատուկ կատեգորիայի տեղեկությունները կամ խոցելի անձանց մասին տեղեկությունները հատուկ լսարանի կամ նմանատիպ լսարանի թիրախավորման համար, եթե օրենքը դա թույլ չի տալիս և համապատասխան երաշխիքներ չկան։
- մասնագիտական խորհրդատուների, ապահովագրողների, աուդիտորների և այն կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են կառավարմանը, ֆինանսներին և ռիսկերին առնչվող հարցերին, իրականացնում են իրավական աշխատանք կամ ապահովում են, որ կազմակերպությունը հետևի արտաքին օրենքներին, կարգավորումներին (compliance work)։
- դատարանների, կարգավորող և իրավապահ մարմինների, պետական մարմինների կամ այլ երրորդ կողմերի հետ, երբ դա պահանջվում է օրենքով, որտեղ մենք պետք է պաշտպանենք իրավունքները, անվտանգությունը կամ ապահովությունը, կամ որտեղ բացահայտմանը հնարավոր չէ ողջամտորեն դիմադրել։
Երբ մենք տեղեկատվություն ենք կիսում Amnesty International-ի մեկ այլ կազմակերպության հետ, որն այն օգտագործում է որպես առանձին վերահսկող, այդ կազմակերպությունը պատասխանատու է տեղեկատվության իր սեփական օգտագործման համար․ կարող են կիրառվել այդ կազմակերպության սեփական գաղտնիության մասին քաղաքականությունը։
Երբ ծառայություն մատուցողները մեզ համար մշակում են անձնական տեղեկություններ, մենք պահանջում ենք, որ նրանք օգտագործեն այն միայն մեր հրահանգներին համաձայն, պահպանեն այն անվտանգ և համապատասխանեն տվյալների պաշտպանության պահանջներին։ Որոշ կազմակերպություններ, որոնց հետ մենք կիսվում ենք տեղեկատվությամբ, օրինակ ինչպիսիք են գովազդային, վերլուծական կամ սոցիալական մեդիա հարթակները, կարող են նաև օգտագործել անձնական տեղեկություններն իրենց սեփական նպատակների համար որպես առանձին տվյալների վերահսկողներ՝ կախված ծառայությունից և Ձեր կարգավորումներից։ Այդ դեպքում նրանք պատասխանատու են Ձեր մասին տեղեկություններն օգտագործել իրենց սեփական գաղտնիության քաղաքականությանը համաձայն։
Միջազգային փոխանցումներ
Amnesty International-ը համաշխարհային շարժում է: Մեր հետ համագործակցող կազմակերպությունները և մենք կարող ենք անձնական տեղեկություններ մշակել Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող երկրներում, Եվրոպական տնտեսական գոտուց կամ Ձեր բնակության երկրից դուրս գտնվող երկրում:
Երբ մենք անձնական տեղեկություններ ենք փոխանցում միջազգային մակարդակով, մենք քայլեր ենք ձեռնարկում դրանք պաշտպանելու համար: Այն դեպքերում, երբ կիրառվում է Մեծ Բրիտանիայի GDPR-ն կամ ԵՄ GDPR-ը, մենք օգտագործում ենք վավեր փոխանցման մեխանիզմ: Սա կարող է ներառել համարժեքության կանոնակարգ կամ համարժեքության որոշում, ստանդարտ պայմանագրային կետեր, Մեծ Բրիտանիայի միջազգային տվյալների փոխանցման հավելված, միջազգային տվյալների փոխանցման համաձայնագիր կամ տվյալների պաշտպանության մասին օրենքով նախատեսված այլ օրինական պաշտպանություն կամ շեղում:
Երբ մենք տեղեկատվություն ենք փոխանակում Amnesty International շարժման մեկ այլ մասի հետ Մեծ Բրիտանիայից կամ ԵՏՄ-ից դուրս, մենք օգտագործում ենք համապատասխան միջոցներ, որպեսզի տեղեկատվությունը մշակվի տվյալների պաշտպանության գործող օրենսդրությանը համապատասխան չափորոշիչներով:
Երրորդ կողմի կայքեր և ներդրված բովանդակություն
Մեր կայքերը կարող են հղումներ ունենալ դեպի երրորդ կողմի կայքեր, հավելվածներ կամ երրորդ կողմի ներդրված բովանդակություն: Դրանք կարող են ներառել Amnesty International-ի բաժինների, դրանց հետ կապված կազմակերպությունների կամ այլ երրորդ կողմերի կողմից գործարկվող կայքեր կամ հավելվածներ: Այս քաղաքականությունը չի վերաբերում մեր կողմից չվերահսկվող ծառայություններին, ինչպիսիք են Amnesty International շարժման այլ կայքերը, որոնք չեն կառավարվում, չեն պատկանում կամ չեն շահագործվում Միջազգային քարտուղարության կողմից: Այդ կազմակերպությունները կարող են ունենալ իրենց սեփական գաղտնիության քաղաքականությունը:
Երեխաներ և երիտասարդներ
Մեր կայքերը, արշավներն ու միջոցառումները հատուկ կերպով ուղղված չեն երեխաներին, սակայն մենք գիտակցում ենք, որ երեխաներն ու երիտասարդները կարող են ներգրավվել և աջակցել մեր աշխատանքին։
Եթե Դուք 13 փոքր եք տարեկանից, չպետք է մեզ տրամադրեք Ձեր անձնական տեղեկությունները, եթե ծնողը կամ խնամակալը չի տվել իր համաձայնությունը։
Եթե դուք 13-ից 18 տարեկան եք, կարող եք մասնակցել մեր արշավներին և միջոցառումներին, սակայն մենք խրախուսում ենք Ձեզ ներգրավել ծնողին կամ խնամակալին, նախքան անձնական տեղեկություններով կիսվելը։ Մենք կարող ենք նաև կիրառել լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ, երբ դուք կիսվեք մեզ հետ տեղեկատվությամբ։
Մենք հիմնվում ենք անձնական տվյալների օգտագործման համաձայնության վրա և ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու համար, որ այն վավեր լինի։ Սա կարող է ներառել ծնողից կամ խնամակալից համաձայնության ստացումը կամ համաձայնության ստուգումը, երբ անհրաժեշտ է։
Մենք հատուկ զգուշություն ենք ցուցաբերում երեխաների անձնական տվյալների մշակման հարցում։ Մասնավորապես, մենք՝
- հավաքագրում և օգտագործում ենք միայն անհրաժեշտ և համաչափ անձնական տվյալներ,
- գաղտնիության մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք հստակ և տարիքին համապատասխան ձևով,
- հաշվի ենք առնում երեխայի լավագույն շահերը,
- կիրառում ենք լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ, երբ երեխաները ներգրավվում են մեր արշավներին, կրթական գործունեությանը, միջոցառումներին և հաղորդակցություններին,
- չենք օգտագործում երեխաների անձնական տվյալները պրոֆիլավորման կամ մարքեթինգի համար, որտեղ դա կարող է անարդար, մոլորեցնող կամ անպատշաճ լինել։
Որոշ դեպքերում մենք կարող ենք պահանջել ծնողի կամ խնամակալի ներգրավումը՝ նախքան երեխային որոշակի գործունեության մասնակցելու թույլտվություն տալը կամ նրանց անձնական տվյալները հավաքելը կամ օգտագործելը։ Մենք կարող ենք նաև սահմանափակել որոշակի գործառույթների հասանելիությունը, որտեղ համապատասխան պաշտպանության միջոցներ չեն կարող կիրառվել։
Եթե մենք իմանանք, որ առանց համապատասխան համաձայնության անձնական տվյալներ ենք հավաքել երեխայից, մենք քայլեր կձեռնարկենք դրանք հնարավորինս շուտ ջնջելու համար։
Երեխաները, ծնողները և խնամակալները կարող են ցանկացած պահի կապվել մեզ հետ՝ հարցեր տալու կամ իրենց տվյալների պաշտպանության իրավունքներն իրացնելու համար։
Անվտանգություն
Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ անձնական տեղեկատվությունը պաշտպանելու համար: Այս միջոցառումները նախատեսված են տեղեկատվությունը անվտանգ, ճշգրիտ և միայն դրա կարիքն ունեցող մարդկանց հասանելի պահելու համար։ Դրանք ներառում են մուտքի, պահպանման, վճարումների մշակման, ծառայություն մատուցողների և համակարգի անվտանգության վերահսկողության հետ կապված միջոցառումները:
Մենք նաև հոգ ենք տանում մեր վճարային ծառայություն մատուցողների միջոցով վճարումները մշակելու անվտանգ համակարգերի մասին: Ինտերնետով ոչ մի փոխանցում երբեք չի կարող լիովին անվտանգ լինել: Սակայն մենք աշխատում ենք պաշտպանել անձնական տեղեկատվությունը և համապատասխանաբար արձագանքել՝ անվտանգության խնդիրներ առաջանալու դեպքում:
Որքան ժամանակ ենք մենք պահպանում անձնական տեղեկությունները
Մենք պահպանում ենք անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան մեզ անհրաժեշտ է այս քաղաքականության մեջ նկարագրված նպատակներին հասնելու համար: Այնուհետև մենք ջնջում ենք դրանք, անանուն դարձնում կամ պահում միայն այն, ինչ մեզ անհրաժեշտ է իրավական, հաշվետվողականության, արխիվային, հետազոտական կամ վերլուծական նպատակներով:
Տեղեկատվության պահպանման ժամանակը կախված է տեղեկատվության տեսակից, թե ինչու ենք այն հավաքել, արդյոք Դուք շարունակում եք շփվել մեզ հետ, արդյոք մեզ դրանք անհրաժեշտ են ծառայություն մատուցելու կամ հարաբերություններ կառավարելու համար, և արդյոք մենք պետք է դրանք պահպանենք իրավական, ֆինանսական, աուդիտի, հարկային, կարգավորող, զբաղվածության, պաշտպանության, վեճերի կամ ապացույցների նպատակներով:
Օրինակ, նվիրատվությունների արձանագրումները կարող են անհրաժեշտ լինել պահպանել ֆինանսական և աուդիտի նպատակներով: Աշխատանքի ընդունման արձանագրումները կարող են անհրաժեշտ լինել պահպանել դիմումները կառավարելու, հարցումներին պատասխանելու և օրինական իրավունքները պաշտպանելու համար: Կայքի և քուքիների տեղեկատվությունը կարող է պահվել ավելի կարճ կամ ավելի երկար ժամանակահատվածներով՝ կախված տեխնոլոգիայից և նպատակից, ինչպես բացատրված է մեր քուքիների հայտարարության մեջ:
Երբ Դուք հրաժարվում եք մարքեթինգային կամ դրամահավաքի հաղորդակցություններից, մենք կարող ենք սահմանափակ քանակությամբ «արգելափակման արձանագրումներ» ((suppression records) այն ներքին ցուցակները կամ տվյալների բազաներն են, որոնք օգտագործվում են անհատներին որոշակի գործողություններից բացառելու համար) պահել, որպեսզի կարողանանք հարգել Ձեր նախընտրությունը: Մենք կարող ենք նաև սահմանափակ քանակությամբ գրառումներ պահել ստորագրահավաքների, քարոզարշավային գործողությունների, նվիրատվությունների, բողոքների կամ իրավունքներին առնչվող դիմումների վերաբերյալ, երբ դա անհրաժեշտ է հաշվետվողականության, իրավական, աուդիտի կամ ապացուցողական նպատակներով:
Աշխատանքի ընդունման անհաջող դիմումները կպահպանվեն ընտրության գործընթացի ավարտից հետո երեք տարի, եթե որևէ կոնկրետ դեպքում օրենքով ավելի երկար ժամկետ չի պահանջվում կամ թույլատրվում։
Ձեր գաղտնիության իրավունքները
Մեր կողմից պահվող Ձեր անձնական տեղեկությունները Ձերն են։ Կախված նրանից, թե որտեղ եք ապրում և ինչպես ենք մենք օգտագործում Ձեր տվյալները, Դուք կարող եք ունենալ ստորև նշված իրավունքները՝ համաձայն Մեծ Բրիտանիայի GDPR-ի, ԵՄ GDPR-ի կամ այլ կիրառելի տվյալների պաշտպանության օրենքների․
- տեղեկանալ, թե ինչպես ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները,
- խնդրել մեզ տրամադրել Ձեր մասին մեր կողմից պահվող անձնական տեղեկությունների պատճենը,
- խնդրել մեզ ուղղել սխալ կամ թերի տեղեկությունները,
- խնդրել մեզ ջնջել Ձեր տեղեկությունները,
- խնդրել մեզ սահմանափակել Ձեր տեղեկությունների օգտագործումը,
- առարկել Ձեր տեղեկությունների օգտագործմանը մեր կողմից, այդ թվում՝ այն դեպքերում, երբ մենք հիմնվում ենք օրինական շահերի վրա,
- ցանկացած պահի առարկել ուղղակի մարքեթինգի, այդ թվում՝ դրամահավաքի հաղորդակցությունների և դրանց հետ կապված պրոֆիլավորման դեմ,
- խնդրել մեզ փոխանցել Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները Ձեզ կամ այլ կազմակերպության, որտեղ կիրառվում է փոխադրելիության իրավունքը,
- ցանկացած պահի հետ վերցնել համաձայնությունը, այն դեպքերում երն մենք հիմնվում ենք համաձայնության վրա։ Սա չի ազդի Ձեր՝ համաձայնությունը հետ վերցնելուց առաջ մեր արդեն օրինական գործողությունների և ավտոմատացված որոշումների կայացման և պրոֆիլավորման հետ կապված իրավունքների վրա, որտեղ դա կիրառելի է։
Այս իրավունքները բացարձակ չեն։ Երբեմն մեզ կարող է անհրաժեշտ լինել պահպանել կամ օգտագործել տեղեկատվություն, օրինակ՝ իրավական պարտավորություն կատարելու, իրավունքներ պաշտպանելու, բողոք քննարկելու կամ իրավական պահանջները հաստատելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար: Եթե մենք չենք կարող անել այն, ինչ Դուք խնդրում եք, մենք կբացատրենք պատճառները՝ որտեղ դա հնարավոր է:
Մենք բացառապես ավտոմատացված մշակման, այդ թվում՝ պրոֆիլավորման վրա հիմնված այնպիսի որոշումներ չենք կայացնում, որոնք Ձեզ համար կարող են առաջացնել իրավական կամ նմանատիպ նշանակալի հետևանքներ, եթե մենք Ձեզ այլ բան չենք տեղեկացրել, և եթե օրենքը մեզ թույլ է տալիս դա անել։
Հայտարարություն հավաքագրման գաղտնիության վերաբերյալ
Amnesty International-ը պարտավորվում է պատասխանատու կերպով մշակել անձնական տեղեկատվությունը հավաքագրման ընթացքում։
Մենք օգտագործում ենք Ձեր դիմումում եղած տեղեկությունները՝ աշխատանքի ընդունման և ընտրության գործընթացը կառավարելու համար։ Սա կարող է ներառել Ձեր համապատասխանության գնահատումը, հարցազրույցների կամ գնահատումների կազմակերպումը, Ձեր տրամադրած տեղեկատվության ստուգումը, Ձեզ հետ հաղորդակցումը, Ձեր դիմումի վերաբերյալ որոշումների կայացումը, իրավական պարտավորությունների կատարումը և մեր իրավունքների պաշտպանությունը։
Մենք կարող ենք օգտագործել հավաքագրման ծառայություններ մատուցողներին՝ դիմումները և դրանց հետ կապված գործընթացները կառավարելու համար։ Մենք չենք բացահայտի Ձեր հավաքագրման տեղեկատվությունը այլ երրորդ կողմերին առանց պատշաճ պատճառի, ինչպիսիք են Ձեր համաձայնությունը, իրավական պահանջը, հավաքագրման կառավարումը, հղումների ստուգումը, պաշտպանությունը, իրավական պահանջները կամ այս քաղաքականության մեջ նկարագրված այլ օրինական հիմքերը։
Եթե Դուք որոշեք տրամադրել բազմազանության և հավասար հնարավորությունների վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են սեռը, տարիքը, սեռական կողմնորոշումը, կրոնը կամ համոզմունքը, խնամքի պարտականությունները, հաշմանդամությունը, էթնիկական ծագումը կամ ծագման տարածաշրջանը, ապա մենք այն կօգտագործենք հավասարության, բազմազանության և ներառման մոնիթորինգի համար։ Մենք օգտագործում ենք անանուն կամ ագրեգացված տեղեկատվություն, որտեղ հնարավոր է։
Մենք կարող ենք նաև մշակել հատուկ կատեգորիայի տեղեկատվություն և քրեական հանցագործության մասին տեղեկատվություն, եթե այն վերաբերում է հավաքագրմանը և երբ դա թույլատրված է օրենքով։ Սա կարող է ներառել հավասարության մոնիթորինգ, ողջամիտ ճշգրտումներ, աշխատանքի իրավունքի ստուգումներ, անձանց պաշտպանություն, պաշտոնի համար պիտանելիության գնահատում, իրավական պարտավորություններ կամ իրավական պահանջներ։
Ձեզ կարող են խնդրել հաստատել հայտարարագիր որպես Ձեր դիմումի մաս։ Հայտարարագրում կարող է նշվել, որ Ձեր դիմումում զետեղված տեղեկատվությունը ճշմարիտ է և ամբողջական, որ դիտավորյալ բացթողումները, կեղծիքը կամ սխալ ներկայացումը կարող են հանգեցնել մերժման կամ հեռացման, որ մենք կարող ենք պարզաբանումներ խնդրել մասնագիտական գրանցման մանրամասների վերաբերյալ, որտեղ դա կիրառելի է, և որ մենք կարող ենք մշակել Ձեր անձնական տեղեկատվությունը այս քաղաքականության մեջ նշված գաղտնիության պայմաններով։
Ինչպես կապվել մեզ հետ կամ օգտվել Ձեր իրավունքներից
Եթե ցանկանում եք օգտագործել ձեր իրավունքները, հարց տալ կամ մտահոգություն հայտնել այս քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ հետևյալ եղանակներով. Եթե ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից, տալ հարց կամ բարձրացնել այս քաղաքականության վերաբերյալ որևէ մտահոգություն, կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ միջոցներով՝
- Փոստով՝ Amnesty International Limited, Միջազգային քարտուղարություն, Իսթոնի փողոց 1, Լոնդոն WC1X 0DW,, Միացյալ Թագավորություն,
- Էլ․ փոստով՝ [email protected]
- Հեռախոսով՝ +44 (0) 20 7413 5500
Բողոքներ
Եթե դուք դժգոհ եք Ձեր անձնական տվյալների մշակման մեր եղանակից, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով վերը նշված տվյալները: Խնդրում ենք ներառել բավարար տեղեկություններ, որպեսզի մենք հասկանանք Ձեր բողոքը: Մենք կհաստատենք բողոքների ստացումը 30 օրվա ընթացքում: Մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր՝ անհապաղ արձագանքելու բողոքներին, կտեղեկացնենք Ձեզ բողոքի ուսումնասիրման ընթացքի և արդյունքի մասին:
Դուք նաև իրավունք ունեք բողոք հղել տվյալների պաշտպանության վերահսկող մարմնին: Մեծ Բրիտանիայում սա Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակն է (Information Commissioner’s Office).
- Կայք՝ https://ico.org.uk/global/contact-us/
- Հեռախոս՝ 0303 123 1113
Եթե ԵՄ GDPR-ը վերաբերում է Ձեր տեղեկատվության՝ մեր կողմից օգտագործման եղանակին, Դուք կարող եք նաև բողոքարկել այն ԵՄ երկրի վերահսկող մարմնին, որտեղ դուք ապրում, աշխատում եք կամ որտեղ, Ձեր կարծիքով, խնդիր է առաջացել

